ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Գարունը սկսվեց քաղաքական հագեցած օրակարգով

Գարունը սկսվեց քաղաքական հագեցած օրակարգով
01.03.2018 | 21:00

Հայաստանի քաղաքական դաշտն այսօր բացառիկ հագեցած օրակարգ ուներ: Ինչպես միշտ գերական խորհրդարանն էր: Այստեղ լսեցին ապագա նախագահին, հարցերով հիշեցրին, որ նա օրինական նախագահ դառնալու խնդիրներ ունի, սակայն դա չխանգարեց հանրապետականներին` գովասանքի խոսքեր շռայլելու նրա հասցեին:

Իսկ ընդդիմությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բավականին պատկերավոր գնահատեց Արմեն Սարգսյանին: «Հիմա царь настоящий или ненастоящий?: Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի հույսերը: Դուք այսօր ՀՀ նախագահ չեք ընտրվում, Դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում, իշխող կլանի անդամ եք ընտրվում... ո՞նց կարելի է առաջին հայացքից անբիծ կենսագրություն ունեցող մարդուն բերել դնել մամլակի տակ և արժեզրկել նրա կենսագրությունը՝ հանուն ինչի՞… մի՞թե այս երկիրն այդպես էլ չի ունենալու օրինական նախագահ… սա անեծքի հերթական արարն է»,- ասաց Փաշինյանը՝ հընթացս անդրադառնալով երեկ Գևորգ Կոստանյանի ընտրությանը և նրա հասցեին արված գովեստներին. «Երբ Գևորգ Կոստանյանի ընտրությունն էր, ռադիոյով լսում էի ելույթներն այս ամբիոնից՝ Գևորգ Կոստանյանը, իմաստնության ակունքը, արեգակը մեր իրավաբանության: Ասում եմ՝ Գևորգ Կոստանյանին տեսնեմ, ասեմ՝ եղբայր, որ լսում էի, քո փոխարեն գետինն էի մտնում: Բա նորմալ մարդը ուրիշ մարդու հասցեին տենց գովեստներ կշաղակրատի՞: Էս ինչ ա կատարվում: Բա նորմալ մարդն իրա հասցեին էդպիսի դիֆիրամբներ կընդունի՞: ՈՒ էսօր էդ էստաֆետը Սամվել Ֆարմանյանը և մյուս ՀՀԿ-ականները վերցրեցին: Ասում են՝ Արմեն Սարգսյանը, արեգակ ա բացվել մեր երկրի վրա: Բայց ես իրանց համար չեմ ասում, դուք պատկերացրեք վաղը էս շարքերի մեր գործընկերներն ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին»: Իհարկե, հանրապետականներին հետ չկանգնեցրեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկումը և նրանք շարունակեցին նախկին ոգով:


Նախագահի թեկնածուին ճանապարհելուց հետո, երեսփոխաններն անցան հաջորդ թեկնածուի քննությանը: Խորհրդարանն այս անգամ էլ ընտրում էր ՍԴ նախագահ: Թեկնածու Հրայր Թովմասյանը խոսեց իրավական կարգավորումներից, բայց ոչ իրականությունից, ընդդիմությունը նրա պատասխաններից էլի դժգոհ մնաց: Քննարկումը կշարունակվի վաղը, միաժամանակ վաղը պատգամավորները կընտրեն նախագահ:


Սակայն քաղաքական իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվում: Այսօր Բաղրամյան 26-ից լուր եկավ: Նախագահը ԱԽ նիստ է հրավիրել և հայտարարել, որ չեղարկել է հայ-թուրքական արձանագրությունները, որոնք վաղուց էին «չեղարկված ու մահացած»:
Այս ամենին զուգահեռ գարնան առաջին օրը խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես ՀԱԿ-ը, ի հիշատակ 2008-ի Մարտի 1-ի զոհերի, բողոքի-երթ անցկացրեց: Իշխանության փոխանցման այս փուլում Մարտի 1-ի իրադարձություններն ավելի սուր են ընկալվում: Ցավոք, տասը տարի առաջ այս գործընթացն առանց արյան չեղավ: Տասը տարի հետո էլ հազիվ թե Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները լիովին բացահայտվեն: Հարց է, թե քանի իշխանություն պետք է փոխվի, որ գարնան առաջին օրն այսքան ցավոտ հարցերով ու հարցականներով լեցուն չլինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ